9-ամյա Ռուբենը փորձում էր մեզ համոզել, որ մասնակցել է հեռավար կրթության դասընթացներին, սակայն տեղեկություն չուներ, թե ի՞նչ առարկաներ են պարապում, ո՞ր ժամին է դասն անցկացվում, ի՞նչ տնային հանձնարարություններ ունի և դասընկերներից քանի՞սն են առցանց դասին մասնակցում։
«Ինտերնետ չունենք, հնարավորության դեպքում իմ հեռախոսով են երեխաները փորձում հեռավար դասին մասնակցել, եթե հաջողվում է միանալ հարևանի ինտերնետ կապին։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ: Դա է պատճառը, որ երեխան տեղյակ չէ դասերից»,- ասում է Ռուբենի մայրը՝ Աիդան։ Վարդանաշենցի կինը 5 դպրոցահասակ երեխա ունի: Սովորում են 3-11-րդ դասարաններում։Համացանցային կապուղի չունենալու պատճառով Աիդան հրաժարվել է առաջարկված համակարգչից: Եթե համաձայներ, որ կապուղի անցկացնեն, պետք է սկսեր 5000 դրամ վճարել:
Բազմազավակ ընտանիքի համար ինտերնետը հավելյալ ծախս է
Հարևանուհին՝ տիկին Մարինեն, դեմ չէ օգնել Աիդային, իրենք Wi-Fi ունեն։ «Երիտասարդ կին է, 5 երեխա է մեծացնում, եթե հնարավոր է, թող օգտվեն, դասերից հետ չընկնեն։ Իմ երկու թոռները նույնպես դպրոցահասակ են, հեռավար դասը վատ չէ,- ասում է տիկին Մարինեն,-բայց դպրոց գնալու արդյունավետությունը չունի: Երեխա են, տանը ցրված են, դժվար է լինում կենտրոնացնել դասերի վրա, բակ են փախչում, խաղալ են ուզում, պետք է անընդհատ հետևել ու բացատրել, որ համակարգչի առջևից չփախչեն»։