Ծերունուն հավատարիմ մնացին Զանգլոն ու Պանգլոն
86-ամյա միայնակ թոշակառուն վատառողջ է: Տնից գրեթե դուրս չի գալիս: Մինչև վերջերս չի պատկերացրել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Հեռուստացույց չունի: Տեղեկատվություն ստանալու միակ միջոցը դարն ապրած ռադիոընդունիչն է, մեկ խոսում է, մեկ՝ ոչ։

Ռադիկ պապը դուրս է եկել բակ՝ մաքուր օդ շնչելու, հարևանների հետ, սովորականի պես, շփվելու և դրսում մարդ չտեսնելով՝ զարմացել: Ինչո՞ւ են բոլորը տներում փակվել։ Ավելի ուշ, հարևաններից մեկից իմացել է՝ «Ասել են տնից դուրս չգաք, վիրուս է տարածված»:


Ռադիկի դուրս գալը հիմնավոր պատճառ ունի. պետք է բակում սպասի հարևաններից որևէ մեկին, որ խնդրի՝ խանութ գնալիս իրեն անհրաժեշտ մթերքն էլ առնեն։

Հարևանուհին՝ տիկին Վարդանուշը, հաջորդ օրը խանութ գնալիս, բնականաբար, չի մոռանում Ռադիկին: Միշտ էլ օգնում է միայնակ հարևանին, ասում է՝ ծեր մարդ է, չի կարողանում քայլել, մեծ բան չէ մի հաց, մի ձեթ բերելը։ Պարզապես, համավարակի օրերին ինքն էլ է աշխատում խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից։
Այսօր զարմանալիորեն հարևանուհին մերժում է Ռադիկի խնդրանքը, ասում է՝ չի կարող առանց տեղաշարժման թերթիկի փողոց դուրս գալ, թերթիկ էլ չունի, թոռն էլ տանը չէ, որ ձեռագիր լրացնի: Հարևանուհին մանրամասն պատմում է Ռադիկին իրավիճակի մասին։

Ձմեռները Ռադիկն անցկացնում է այս փոքրիկ խոհանոցում:

Վերջին անգամ մսաղացն օգտագործել է մի քանի տարի առաջ

Ռադիկ Համբարձումյանը այս ձմեռն էլ է անցկացրել խոհանոցում: Այստեղ տարածքը փոքր է, հեշտ է մի կերպ տաքացնել: Թոշակը չի հերիքի ամբողջ տունը ջեռուցել։ Առողջական խնդիրները ստիպում են կանոնավոր կերպով դեղորայք ընդունել։ Ամռան ամիսներին հարևանների օգնությամբ մի կերպ դժվարությունները հաղթահարում է: Ձմռան ամիսներին հիվանդություններն ավելի սրվում են, հոգսերն ավելանում: Հիվանդությունը քիչ էր, հիմա էլ՝ վիրուսը։
90-ականներից մեզ ծանոթ այս լամպերը Ռադիկը հաճախ է օգտագործում։ Կենսաթոշակը երբեմն չի հերքում էլեկտրաէներգիայի վարձավճարին։

Ծերունին 10 օր մեկուսացած մնալուց հետո, որոշել էր դեղատուն հասնել: Ճնշման դեղերից զատ, գնել էր մեկական դիմակ` 250 դրամով, ձեռնոց՝ 200 դրամով և ախտահանիչ հեղուկ՝ 550 դրամով: Հիգիենայի կանոնները պահպանելով՝ ամեն օր հացի գնալու համար, Ռադիկը պետք է օրական 550 դրամ ծախսի: Զայրացել էր՝ այս գներով թոշակն անգամ ախտահանող կամ պաշտպանիչ միջոցներին չի հերիքի: Էլ չի գնի։ 40 հազար դրամով չգիտի վիրուսի՞ց պաշտպանվի, թե՞ սովից։ «Կատուներս էլ մի կողմից, նրանց չեմ կարող չկերակրել, իմ ընկերներն են, զբաղմունքիս միակ միջոցը»։
Զանգլոն, Պանգլոն, Մստոն, Պստոն, Բելկան ու Ձյունիկը անկախ արտակարգ դրության պայմաններից, Ռադիկ պապի ընկերներն են։
Միայնակ թոշակառուն ողջ օրն անցկացնում է 6 կատուների հետ։ Միայն Բելկան այդպես էլ համառորեն չընդունեց տեղաշարժման սահմանափակումները։ Օրը մի քանի անգամ անցնում է հարևանի ցանկապատը։

Ռադիկ Համբարձումյանը ճարտարագետ-շինարար է, ղեկավարել է շինարարական կազմակերպություններ, կյանքի լավն էլ է տեսել, վատն էլ: Բայց ասում է՝ ծերերը պետության համար բեռ են, օր առաջ պետք է նրանցից ազատվել։ «Իմ նմանները բազմաթիվ են, մի կերպ գոյատևում են, բա մի օր դուռդ չբացե՞ն, ասեն՝ վիրուսի վտանգ կա, սա կարելի է, սա չի կարելի, առ էս դիմակները, որ վիրուսից պաշտպանվես»։


Ռադիկի խոսքով իր նմանները որ վարակվեն, մի շաբաթ էլ չեն ապրի։
Արմավիրի մարզում ապրող միայնակ թոշակառուների թվի մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ Սոցիալական ծառայության Արմավիրի բաժնից։ Տնօրեն Գարիկ Թովմասյանն ասաց, որ բաժինը միայնակ ապրող թոշակառուների վերաբերյալ առանձին տվյալներ, հաշվառված են միայն այն միայնակ թոշակառուները, որոնք համարվում են Փարոս համակարգի շահառուներ, այսինքն՝ օգտվում են ընտանեկան նպաստից։
Միայնակ թոշակառուների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չգտանք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջից։ Ավելի ուշ պարզեցինք, որ նախարարությունը այդպիսի տվյալներ չի հավաքագրում։ Ունեն միայն այն միայնակ կենսաթոշակառուների մասին տվյալներ, որոնք նախարարության կողմից ստանում են պատվիրակված որևէ ծառայություն։

Ստացվում է, որ միայնակ թոշակառուների թվի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական բազա ոչ մի կառույց չունի։ Շատ թոշակառուներ, իրենց բնակության հասցեում հաշվառված ընտանիքի անդամներ ունեն, բայց փաստացի միայնակ են ապրում։

Ռադիկի նման շատերը կան Արմավիրում։ Ինքն անձամբ բախտակից երկու ընկեր ունի։ Նշված ծառայություններից և ոչ մեկը հոգ չի տանում այս օրերին նրանց մասին: Միայնակ շատ ծերերի հույսը դարձել են հարևանները...

86-ամյա ծերունին անհամբեր սպասում է արտակարգ դրության ավարտին։ Չնայած տեղաշարժի սահմանափակումները հանվել են, բայց առանց այն էլ դժվար տեղաշարժվող Ռադիկը երազում է հին օրերի մասին, երբ ընկերներն այցի էին գալիս, զրուցում, նարդի խաղում, օրն ավելի հետաքրքիր էր անցնում։
Մեզ ճանապարհելիս, Ռադիկը երկար ժամանակ դուռը չէր փակում, աչքը ճանապարհին էր, գուցե մի ծանոթ տեսներ, մի քիչ շփվեր․․․

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website