Թափանցիկ, մասնակցային և հաշվետվողական աշխատանք
Ըստ մարզպետարանի պաշտոնական տեղեկատվության, մարզի 97 համայնքներից 43-ն ունեն պաշտոնական կայքեր, սակայն մեր ուսումնասիրությամբ 43 կայքերից գործում է ընդամենը 26-ը։ Իսկ գործող կայքերի մեծամասնությունը ձևական է։
Օրինակ, Քարակերտ համայնքի պաշտոնական կայքում տեղադրված է ավագանու 2020թ. հուլիսի 3-ի թիվ 26
որոշումը, որով նախատեսվում է համայնքի կարիքները հոգալու համար, գնումներ կազմակերպելու նպատակով, հատկացնել գումար՝ համաձայն
հավելվածի։ Նախ՝ աչքի է զարնում այն փաստը, որ համայնքի ղեկավարի առաջարկին ո՛չ կողմ կա, ո՛չ դեմ, ո՛չ ձեռնպահ։ Ամենուր 0-ներ են։ Մյուս կողմից, կայքում հավելված էլ գոյություն չունի և ոչ մի կերպ չի հասկացվում, թե որքա՞ն գումար է ծախսվելու գնումների համար։ Ստացվում է՝ կայքն անլուրջ մի տիրույթ է, որն ստեղծվել է թափանցիկության իմիտացիայի և համայնքի բնակիչների աչքին թոզ փչելու համար։
Մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա ավագանու հինգ անդամները, իսկ հավելվածն այստեղ էլ չհայտնաբերվեց։ Վստահաբար, քարակերտցիները կուզեին իմանալ՝ ի՞նչ գնումների մասին է խոսքը և որքա՞ն գումար է ծախսվելու։ Բայց դա, կարծես թե, «համայնքային գաղտնիք» է։ Մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված համայնքների ավագանու որոշումներում, որտեղ օգնություններ են բաշխվում, սոցիալական ծրագրեր են իրականացվում, գույքահարկի զիջումներ են արվում, միշտ հղում է կատարվում հավելվածին, որը մեծամասամբ բացակայում է։
Չնայած պաշտոնական կայքերի առկայությանը, նման աշխատաոճ ունի համայնքների գերակշիռ մեծամասնությունը։
Հանրությունը ՏԻՄ աշխատանքից ինչպես անտեղյակ եղել է, այդպես էլ շարունակում է մնալ։ Հաշվետվողականությունից և մասնակցային կառավարումից խոսելն արդեն միամտություն կլինի։