Ապակե տարաների գործարանից մոլիբդենի գործարան երկու քայլ է
Սա Արմավիրի Ապակե տարաների գործարանն է։ 25 տարի առաջ դադարեց գործել: Արտադրական այս հսկա գործարանը սեփականաշնորհվեց և տարիների ընթացքում քայքայվեց։ Մնացին գործարանի ծխնելույզներն ու կիսաքանդ պատերը։
Մոտ 10 տարի առաջ գործարանի ծխնելույզներից ծուխ բարձրացավ։ Բայց դա ամենևին էլ չէր նշանակում, որ գործարանը վերագործարկվել է։ Ավելին, ոմանք պնդում էին, թե ծուխ է դուրս գալիս, ոմանք չէին նկատում՝ մինչև ավելի ուշ պարզվեց, որ գործարանի մի հատվածում երկաթի մոլիբդենի արտադրություն է ընթանում։ Ֆերրոմոլիբդենի արտադրությունը ծավալել էր «Հոկտեմբերյանի Ֆերրոսպլավ գործարան» ՍՊԸ-ն։ Անհասկանալի (ըստ էության հասկանալի) պատճառներով գործարանը մոլիբդենի արտադրությունը կազմակերպում էր երեկոյան կամ գիշերային ժամերին։ Դա էր պատճառը, որ քաղաքացիներից ոմանք պնդում էին ծխի առկայությունը, ոմանք՝ ոչ։
Գործարանի ծավալած ֆերրոմոլիբդենի արտադրությունը քննարկման թեմա դարձավ հանրության կողմից։ Ավելին, քաղաքացիները սկսեցին բողոքել հնարավոր վտանգների և թունավոր արտանետումների մասին ունեցած իրենց պատկերացումների մասին։ Ավելի ուշ, գործարանի հարևանությամբ այգեգործությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները ոտքի կանգնեցին, փորձեցին ապացուցել, թե որքան բացասական ազդեցություն կարող է ունենալ գործարանի աշխատանքը գյուղմթերքի արտադրության վրա։ Նրանք ցույց տվեցին չորացող այգիներ, չհասունացող բանջարեղեն և ոչ մի կերպ չփորձեցին հրաժարվել, որ պատճառը ֆերրոմոլիբդենի արտադրության վնասակար հետևանքներն են։
Հասարակության կողմից սկսվեցին զայրույթի մեծ ալիքներ բարձրանալ, նրանք պահանջում էին պատկան մարմիններից հարցին ուշադրություն դարձնել, համապատասխան ուսումնասիրություններ և լաբորատոր քննություններ իրականացնել, պարզել հնարավոր վնասակարության չափը։ Պետական մարմինների կողմից այդ ժամանակ, համենայն դեպս, տեսանելի քայլեր չկատարվեցին: Ենթադրաբար, մեծ դժգոհությունների արդյունքում գործարանը դադարեցրեց աշխատանքները։ Ինչու՞ ենթադրաբար, քանի որ այդ ժամանակ գործարան մուտք գործելու մեր նկարահանող խմբի փորձերն անարդյունք էին, մուտքը գործարան անթույլատրելի էր։ Որևէ կերպ գործարանից մեկնաբանություն ստանալ չէր հաջողվում։
Մոլիբդենի նո՞ր գործարան, թե՞ հինը նորացված
Մոտ մեկ տարի առաջ նույն Ապակե տարաների գործարանի ծխնելույզներից ծուխ դուրս եկավ։ Արմավիրցիները տարբեր վարկածներ շրջանառության մեջ դրեցին։ Պարզվեց, որ գործարանը վերսկսել է ֆերրոմոլիբդենի արտադրությունը։
Այս անգամ գործարանը նոր սեփականատեր ունի և, ըստ նրա, գործարանը վերազինվել է նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներով։
Կրկին Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ արտահայտեցին իրենց մտահոգությունը՝ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության հետ։ Այս անգամ ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանի միջնորդությամբ խնդրով մտահոգված քաղքացիների հետ հանդիպեցինք արտադրամասի տնօրեն Ռուբեն Մարտիրոսյանի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև բժշկական գիտությունների թեկնածու Հարություն Զուռնաչյանը (այժմ «Արմավիր» Բ/Կ տնօրեն)։
«ՕԶՖ փրոդաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը վստահեցնում էր, որ գործարանը վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով, արտանետումների ֆիլտրացումը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Մարտիրոսյանի խոսքով, 1993թվ-ին դուրս է եկել Հայաստանից և Չեխիայի քաղաքացի է, Եվրոպայում այս բիզնեսը շատ լավ է ուսումնասիրել։ Ասում է՝ օդի աղտոտվածության մասին ինքն անձամբ կմտահոգվեր, բայց վստահ է՝ շրջակա միջավայրին վնաս չի հասցնում։
Նշենք, որ խնդրով քաղաքացիները ահազանգել էին նաև Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությանը։ Տրամադրել տեսանյութ և լուսանկար, այն մասին, որ Արմավիրում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ։
Ռուբեն Մարտիրոսյան՝ «ՕԶՖ փրոդաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն - Ես չգիտեմ նախկինում ի՞նչ տեխնոլոգիական արտադրությամբ են զբաղվել, բայց մենք պղինձ չենք արտադրում, մենք արտադրում ենք ֆերրոմոլիբդեն։ Երևանում գոյություն ունի երկու գործարան, որոնց հզորությունը մեզանից տաս անգամ ավելի մեծ է: Դրանք գործում են մայրաքաղաքում։ Այսինքն, ինչ վերաբերում է աղտոտվածության նորմաներին, պահպանվում է միանշանակ։ Հիմա բացատրեմ։ Եվրոպայում աշխատում են նույնանման գործարաններ ավելի վտանգավոր մետաղներով, օրինակ՝ Պրահայից 14 կմ հեռավորության վրա Հոկտեմբերյանի չափ մի քաղաք կա, որտեղ արտադրվում է ֆերրովանադիում։ Երբ մենք հումք չունեինք, մոլիբդեն չէին տալիս մեզ, արտասահմանից ներմուծում էինք վանադիումի խտանյութ: Մենք պոլուֆաբրիկատ վիճակում ենդոքսիդ վանադիումը ստանում ենք, արտահանում ենք դուրս, էլ չենք թողնում, որ ֆերրովանադիում արտադրվի, որովհետև կարող է աղտոտվածության պատճառ լինի։ Ֆերրոսպլավը թունավոր չի, վանադիումն ավելի վտանգավոր է։ Ես Եվրոպայում էլ եմ աշխատում ու եթե այստեղ լիներ ինչ-որ վտանգավոր արտադրություն, հաստատ թույլ չէին տա այդ գործարանների աշխատանքը, այստեղ էլ չէին թողնի իմ կարծիքով։
Գործարանի տնօրենը վստահեցնում է, որ մինչև արտադրություն սկսելը ձեռք են բերել բոլոր թույլտվությունները, ստացել բոլոր նորմատիվները և արտադրության ընթացքում արտանետումներն այդ նորմատիվներից մի քանի անգամ պակաս են եղել։
Ռուբեն Մարտիրոսյան՝ «ՕԶՖ փրոդաքշն» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն - Ինչ վերաբերում է արտադրական պրոցեսին, երբ ես դարձա այս գործարանի սեփականատեր, առաջին հերթին ծանոթացա համակարգին։ Մաքրեցինք, վերականգնեցինք, հզորացրեցինք գործարանը։ Նոր շարժիչներ ենք դրել, նոր ֆիլտրեր ենք տեղադրել։ Այսինքն, առաջին հերթին ուսումնասիրել ենք էկոլոգիայի վերաբերյալ նորմերը, քանի որ ինքս թույլ չէի տա իմ երկրում կամ Արարատյան դաշտում կեղտոտվի օդը կամ վնասվի բնությանը: Դրա համար եթե վստահ եք, որ վնաս կարող է հասցնել այս գործարանը, ես էլ գամ ձեր կողքին կանգնեմ, միասին վիճենք, թույլ չտանք աղտոտել ու վնաս հասցնել միջավայրին: Ուզում եմ ասել այդ հարցում ես ձեր կողմից եմ, և ես թաքցնելու բան չունեմ, կարող եք ձեր աչքով տեսնել, համոզվել։ Մեր շենքի երկրորդ հարկում ամբողջությամբ լաբորատորիան է գործում, այսինքն առաջին հերթին չափումներն ենք կատարում, նոր գործողություն անում: Այնտեղ ծծումբ, պղինձ, խտանյութի մեջ տոկոսներով ինչ-որ կա, այդ մետաղները նայում ենք, ստուգում, նոր, եթե թափելու բան կա, թափում ենք դուրս։
Ինչ է թափվում, ինչ է պահվում
Մարտիրոսյանի խոսքով, որպես հումք, օգտագործում են թեղուտի մոլիբդենը։ Արտադրված ֆերրոմոլիբդենի ամբողջ քանակությունն արտահանվում է Եվրոպա։
- «Իրենք հանքաքարը ստանում են /ռուդան/ հանում են, ֆլոտացիայով այդ մեթոդով լվանում են, մի քիչ թթուներով, մի քիչ այլ նյութերով, միջից խտանյութը ստանում են, հետո արդեն այդ խտանյութը մենք բերում ենք այստեղ և ամբողջովին արտահանում ենք դուրս»։
Բժիշկ Հարություն Զուռնաչյանը հետաքրքրվեց ի՞նչ մեխանիզմով է կատարվում ֆիլտրացումը: Օրինակ՝ այդ ֆիլտրները, որոնք տեղադրված են արտանետումները կանխելու համար, դրանք գործարանային ստանդարտ ֆիլտրե՞ր են, թե՞ ինքնաշեն։ Դրանք ունե՞ն քաշող /փոշեկուլ/ մեխանիզմ իրենց մեջ՝ այդ արտանետումները երկրորդ մշակման ուղարկելու համար։
Մարտիրոսյանը պատասխանեց. «Փոշիները, որոնք թույլ չենք տալիս կորի, բռնում ենք երեք ստադիայով, հետ ենք բերում և անցկացնում ջրային ֆիլտրով»։
Զուռնաչյանը հետաքրքրվեց. «Ձեր գործարանն ի՞նչ է արտանետում, որպեսզի հասկանալի լինի նաև դրա վնասակարությունը կամ բացասական հետևանքները։ Օրինակ՝ շրջապատի ծառերի, բույսերի վրայից ինչ-որ նմուշներ վերցվե՞լ են, անալիզի ենթարկվե՞լ են, թե՞ ոչ»։
Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենք այդպիսի նմուշառում չեն կատարել, բայց նկատեց՝ գործարանի տարածքում հիմնած ծիրանի այգին ոչ մի կերպ չի տուժել։
ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանը պատասխանեց Զուռնաչյանին, ասաց՝ անձամբ է հետաքրքրվել և հարցը բարձրացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Պատասխանել են, որ այդ գործով զբաղվում է տեսչական մարմինը: Այստեղից էլ պատգամավորին գրել են, որ գործունեություն է իրականացվում և տեսչական մարմինը պարբերաբար հետազոտություններ է անցկացնում։ Պատասխանել են նաև, որ 2019 թվ-ին տեսչական մարմինը հետազոտություն չի իրականացրել։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այդ ժամանակ արտադրություն չի եղել և հավանաբար այդ պատճառով հետազոտություն չի կատարվել։ Տեղեկացրել են, որ հանձնարարական ունեն և տեսչական մարմինն ինչ-որ հետազոտություն պետք է անի։ Ամեն դեպքում ես հետևողական կլինեմ, որ ուսումնասիրությունները շարունակվեն։ Ամենակարևորը մարդկանց համար վտանգ չներկայացնի, իհարկե արտադրությունը արտադրություն, բայց պետք է դա այնպես կազմակերպվի, որ ոչ մի կերպ վնաս չտա շրջակա միջավայրին և բնակիչներին,- ասաց պատգամավորը։
Ֆերրոմոլիբդենի արտադրություն: Ընդհանուր տեղեկություններ
Ֆերրոմոլիբդենի խառնուրդ ստանալիս առաջանում է 1800 աստիճան ջերմություն։ Հալման ընթացքում մթնոլորտ է արտանետվում ածխածնի երկօքսիդ, ազոտի երկօքսիդ, ջրածին ֆտորիդ և պինդ մասնիկներ։ Արտանետումների ծավալը ուղիղ համեմատական է արտադրանքի ծավալին, այսինքն՝ 100 գրամ արտադրանքի պարագայում՝ 100 սմ խորանարդ արտանետում։ Մթնոլորտ արտանետված կոշտ նյութերը նստում են հողի շերտի և բույսերի վրա: Մթնոլորտային ազդեցություններից մասնիկները բույսերի արմատներով անցնում են բույսի մեջ, իսկ տերևներին նստած փոշին նվազեցնում է ֆոտոսինթեզը, որը հանգեցնում է բույսի չորացման։ Ֆերրոմոլիբդենի արտադրության ընթացքում արտանետված նյութերը դասվում են առաջինից չորրորդ դասի վտանգավորության, այսինքն՝ չափազանց վտանգավորությունից թույլ վտանգավորության։ Ամենամեծ արտանետումները տեղի են ունենում հալեցման փուլում, որը կարճ տևողություն ունի և, ավանդույթի համաձայն, իրականացվում է ուշ երեկոյան և գիշերային ժամերին, ցերեկային ժամերին հազիվ նկատելի ծխանման զանգված է դուրս գալիս ծխնելույզներից։
Արտադրական թափոններ
Ֆերրոմոլիբդենի արտադրական փուլերում առաջանում է մեծ քանակությամբ խարամի տեսքով արտադրական թափոններ, մասնավորապես՝ կալցիումի օքսիդ, սիլիկատ, երկաթի օքսիդ, մագնեզիումի օքսիդ, ալյումինի օքսիդ, մանգանի սուլֆիդ, երկաթի սուլֆիդ, տիտանի երկօքսիդ և ֆոսֆորի միացություններ։ Ֆերրոմոլիբդենի ստացման գործընթացում խարամի մասսան հավասար է ստացված մետաղի ծավալին։
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով, իրենց մոտ արտադրական թափոններ չեն կուտակվում։ Առաջացած սիլիցիումային խարամը ենթարկվում է վերամշակման և արտահանվում է։
Գործարանն ունի 70 աշխատակից: Ըստ տնօրենի, նպատակ ունեն մեծացնել արտադրության ծավալներն ու ավելացնել աշխատողների թիվը։
Նշենք, որ 1 կգ ֆերրոմոլիբդենի արժեքը համաշխարհային շուկայում՝ կապված իր բաղադրության և որակի հետ, գնահատվում է մինչև 30 ԱՄՆ դոլար։