Սպանդանոցային մորթի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել դեռ 2017թ. մարտի 9-ի նիստում, որտեղ հավանության արժանացավ թիվ 10 արձանագրությունը։ Ըստ արձանագրության, վաճառվող միսը պետք է ունենա 5-րդ ձև, ինչը նշանակում է, որ խոշոր կամ մանր եղջերավոր անասունը մորթվել է սպանդանոցում և համարվում է անվտանգ սննդամթերք։ Որոշումը նախատեսվում էր ուժի մեջ մտցնել 2018թ. հուլիսի 1-ից։ Բավարար սպանդանոցներ չլինելու պատճառաբանությամբ պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետը հետաձգվեց մինչև 2020թ. հունվարի 15-ը։
2020թ. հունվարից մեկնարկեց սպանդանոցային մորթի դեմ անասնապահների և մսավաճառների ակցիաները։ Պարտադիր սպանդանոցային մորթի ժամկետը ևս մեկ անգամ հետաձգվեց մինչև 2020թ. հուլիսի 1-ը։ Զուգահեռաբար կառավարությունը համապատասխան ծրագիր մշակեց և սպանդանոց կառուցելու ցանկություն ունեցող սուբյեկտներին սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր սկսեց տրամադրել։
Արմավիրի մարզի ամբողջ տարածքում սկսեցին կառուցել 24 նոր սպանդանոցներ։ Մի մասը սեփական ներդրումներով հասցրեց մինչև հուլիսի 1-ն ավարտել աշխատանքները, մյուս մասը թղթաբանության պատճառով ուշ սկսեց և մոտ 2 ամսով ուշացրեց աշխատանքները։
Վարկերի չափը կախված էր սպանդանոցի ծավալից և հզորություններից։ Սպանդանոց կառուցողները մեծ հույսեր ունեին, որ հուլիսի 1-ին կսկսեն իրենց գործունեությունը և կկարողանան կատարել վարկային պարտավորությունները։ Վերջապես եկավ սպասված հուլիսի 1-ը, որը ոչնչով չտարբերվեց նախորդ շարքային օրերից։ Համավարակի պայմաններում, համենայն դեպս՝ մարզերում, մոռացության տրվեց 5-րդ ձևը և մսամթերքը շարունակեց վաճառվել՝ պահպանելով հին ավանդույթները։
Քարակերտում Ցոլակ Հակոբյանի կառուցած սպանդանոցում ոչ մի օր, ոչ մի կենդանի սպանդի չենթարկվեց։ Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան։
Լեռնագոգցի Ցոլակ Հակոբյանն իր միջոցներով սկսեց սպանդանոց կառուցել Քարակերտ համայնքում: Զուգահեռաբար հայտ ներկայացրեց սուբսիդավորվող տոկոսադրույքով պետական ծրագրով վարկից օգտվելու համար։ Վարկը ձգձգվում էր: Հակոբյանը շինարարությունը շարունակելու համար սկսեց գումար խնդրել հարազատներից, գրավադրեց տանը գոյություն ունեցող ամբողջ ոսկեղենը, ևս 6 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ վերցրեց և նույնքան գումար էլ պարտք մնաց շինանյութի խանութներին։ Սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկն այդպես էլ չտրամադրվեց։ Սպանդանոցը մի կերպ կառուցելուց հետո մնացել է իրավական փաստաթղթերի ձեռքբերումը, որը նույնպես ծախսեր է ենթադրում։ Ցոլակը չի շտապում, միևնույն է, եթե նույնիսկ լրացուցիչ ծախսերով այդ փաստաթղթերն էլ ձեռք բերի, հաճախորդ չի ունենա, քանի որ բակային մորթը շարունակվում է, իսկ մսավաճառներից (սպանդանոցում սպանդի ենթարկված կենդանի) 5-րդ ձև ոչ ոք չի պահանջում։
Դալարիկցի, 27-ամյա Շավարշ Դանիելյանն իր գյուղում սեփական միջոցներով սկսեց սպանդանոցի կառուցում, ապա պետական ծրագրով սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկ ստացավ և ավարտեց շինարարությունը։ Պատերազմի առաջին օրից մեկնել է Արցախ և մինչ օրս ընտանիքը տեղեկություն չունի Շավարշից, միայն լսել է, որ գերեվարված է։
Շավարշի եղբոր մեկնաբանությամբ, մինչև պատերազմի սկիզբն էլ հաճախորդներ չկային, միայն սեփական անասուններին են մորթի ենթարկել։ Հիմա միայն եղբոր վերադարձի մասին են մտածում, սպանդանոցի գործունեությունը երկրորդական է դարձել։
Արամ Բաղդասարյանը, լսելով սպանդանոցների վերաբերյալ տեղեկատվությունն ու արտոնյալ վարկերի հնարավորությունը, 2020թ. սկզբին Իսպանիայից եկավ իր ծննդավայր՝ գյուղ Մյասնիկյան և ձեռնամուխ եղավ սպանդանոց կառուցել։ Նախագիծ պատվիրեց, ստացավ բոլոր թույլտվություններն ու սեփական միջոցներով սկսեց շինարարական աշխատանքները։ Արամը զուգահեռաբար փաստաթղթեր էր պատրաստում՝ օգտվելու սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավվելու համար։ Շինարարությունը կլանեց Արամի ամբողջ ֆինանսական միջոցները, իսկ վարկն ուշանում էր։ Մի օր էլ Արամի համբերության բաժակը լցվեց՝ հատկապես, որ բակային մորթերը հուլիսի 1-ից հետո էլ շարունակվեցին և սեպտեմբերին, անավարտ թողնելով սպանդանոցի կառուցումը, վերադարձավ Իսպանիա։
Ի՞նչ ասել է փաստաթղթային խնդիրներ։ Սպանդանոցը շահագործման է հանձնվում ՍԱՏՄ կողմից ստուգումների, բոլոր նորմերի համապատախանելիության, ապա՝ համապատասխան թույլտվության տրամադրման դեպքում։ Շատ սպանդանոցներ կառուցվել են ֆիզիկական անձի կողմից, շահագործումը պետք է իրականացվի իրավաբանական անձի կողմից։ Որոշ դեպքերում սպանդանոցը կառուցվել է գյուղնշանակության հողատարածքի վրա, և որպեսզի այն գործի, նախ պետք է հողի կատեգորիան փոխվի ու դառնա արտադրական։ Սրանք, ըստ էության, բարդ լուծելի հարցեր չեն: Վերահսկող մարմինները ձգձգումը պայմանավորում են համավարակի և պատերազմական իրավիճակի հետ։
ՍԱՏՄ Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Ալեքսան Մկրտչյանից հետաքրքրվեցինք սպանդանոցների անգործության պատճառների մասին։ Ասաց՝ իրավիճակով պայմանավորված, սպանդանոցների շահագործման առումով թերացումներ կան և որոշ դեպքերում շարունակվում է նաև բակային մորթը։ Մկրտչյանի խոսքով, շուտով կվերսկսեն ստուգայցերը, կսահմանվի վերահսկողություն և լիարժեք կշահագործվեն նորակառույց սպանդանոցները։
Նշենք, որ անկախ ստեղծված իրավիճակից, սպանդանոց կառուցողները, ովքեր այս կամ այն պատճառներով դեռ գործունեություն չեն ծավալել, կանոնավոր կերպով մարում են իրենց վարկային պարտավորությունները։