ՏԻՄ պաշտոնական կայքերը ձևական են
Արմավիրի մարզի համայնքների կեսը ունի պաշտոնական կայքեր, որի պահպանման և սպասարկման համար համայնքայինբյուջեից վճարումներ են կատարվում։ Սակայն շատ կայքեր վերջին անգամ թարմացվել է տարիներ առաջ։ Որն է պատճառը․․․
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը պահանջում է ՏԻՄ-ից աշխատելու թափանցիկ, հաշվետվողական ու մասնակցային։ Սակայն, օրենքի այդ պահանջն ապահովող կարևոր գործիքներից մեկը համայնքներն անտեսում են։
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 11 հոդվածի 5-րդ բաժնի, 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքը պետք է ունենա պաշտոնական կայքէջ։ Օրենքի պահանջով, Արմավիրի մարզի 97 համայնքներից 19-ը պետք է կայքեր ունենան։/Իրականում, 43 համայնքներ կայք ունեն/։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 11 հոդվածի 5-րդ բաժինը 18 կետով սահմանել է կայքերի պարտադիր բովանդակությունը։ Կայքի գոյությունն ինքնանպատակ չէ։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա մուտք գործել իր համայնքի կայք և ստանալ տեղեկատվություն՝ համայնքի ամբողջական գործունեության վերաբերյալ։ Ահա այդ կետերից հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող պահանջներ։
· համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտեր,
· համայնքի հնգամյա զարգացման ծրագիր և կատարողական,
· համայնքի բյուջե և կատարողական,
· ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծեր,
· օտարման կամ օգտագործման տրամադրվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկ,
· համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացում,
· համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություն,
· համայնքում պետական և համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվություն,
· համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվություն:
Ուսումնասիրելով համայնքների կայքերը, կարելի է արձանագրել, որ դրանց մեծ մասը պատրաստվել է՝ օրենքի պահանջը մասամբ բավարարելու նպատակով։
Օրինակ
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի պաշտոնական կայքէջում ամենակարևորի՝ ավագանու նիստերի վերաբերյալ, ոչ մի տեղեկատվություն չկա ինչպես նիստերի անցկացման, այնպես էլ՝ ավագանու որոշումների վերաբերյալ։
Նույն իրավիճակում է նաև մարզի Լուսագյուղ համայնքի կայքէջը, որտեղ ավագանու որոշումների վերաբերյալ վերջին գրառումը կատարվել է 2019թ. նոյեմբերի 29-ին։
Ոսկեհատ համայնքի կայքէջում ավագանու վերջին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 29-ին։
Այգեշատ համայնքի կայքէջում ավագանու վերջին որոշման մասին տեղեկատվությունը տեղադրվել է 2014թ. ապրիլի 10-ին։
Եթե համայնքի ավագանու որոշումները չեն հրապարակվում պաշտոնական կայքերում, մնացած տեղեկատվության առկայության մասին խոսելն ավելորդ է, քանի որ համայնքի ընտրողների համար ամենակարևորը ավագանու որոշումներն են։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը քաղաքային համայնքների նկատմամբ ավելի լայն պահանջներ ունի։ Համաձայն օրենքի 16 հոդվածի 9-րդ կետի դրույթների, 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերը պետք է առցանց հեռարձակվեն հենց պաշտոնական կայքէջում։
Օրենքի այս դրույթը տարածվում է Արմավիրի մարզի 3 քաղաքային՝ Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր համայնքների վրա։
Արմավիր քաղաքի կայքում կա հարթակ, որտեղ ենթադրաբար պետք է լինեին ավագանու նիստերի տեսագրությունները, սակայն, հղումը բացելիս, տեղափոխվում ենք Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի պաշտոնական կայք, որտեղ նույնպես գոյություն չունի Արմավիր քաղաքային համայնքի ավագանու նիստերի տեսագրությունը։
Մեկ այլ բաժնում տեղադրված է 2 ավագանու նիստերի տեսագրություն, որոնց դիտելով, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ հարցեր են քննարկվում։
Մեծամորի պաշտոնական կայքում կայացած 6 ավագանու նիստերից միայն 2-ի տեսագրությունը կարելի է գտնել։
Հարց է առաջանում եթե համայնքների պաշտոնական կայքերը պետք է պատրաստվեն ու մոռացուցյան մատնվեն, ապա ինչու են պատրաստվել։
Մարզի համայնքների պաշտոնական կայքերը պատրաստվել են պետական պատվերի շրջանակներում, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի կողմից։ ՀԿ-ի տնօրեն Գրիշա Խաչատրյանի մեկնաբանությամբ, կայքերը պատրաստվել են իրենց կողմից, կայքը սպասարկող մասնագետներն իրենց մոտ անցել են դասընթացներ, բայց թե ինչո՞ւ կայքերը չեն թարմացվում, այդ հարցին չի կարող պատասխանել։
Ստացվում է, որ համայնքների կայքէջերն ընդամենը թերի միջոց են ՏԻՄ մասին օրենքի մեջ տեղավորվելու համար։
Արմավիրի մարզպետարանի Իրավաբանական բաժնի պետ Լիաննա Հարությունյանի մեկնաբանությամբ, մարզպետարանը չունի իրավասություններ հսկողություն սահմանելու համայնքների պաշտոնական կայքերի նկատմամբ։ Այն կարգավորվում է Տեղական ինքնակառավարման մասին օրենքով։ Այնուամենայնիվ, ՏԻՄ-երը պարտավոր են իրենց պաշտոնական կայքում ունենալ Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված տեղեկատվությունը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website