Ճանապարհաշինության մեկ այլ խնդիր
2020 թվականին մեկնարկեց Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կազմում է 983.4 մլն դրամ, աշխատանքներն իրականացրել է "Վահագն և Սամվել" ՍՊ ընկերությունը:
Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկեցին հունիս ամսին, միաժամանակ ճանապարհի ամբողջ 2,07 կմ հատվածում։ Հաշվի չառնվեցին մի շարք հանգամանքներ, որոնցից ամենակարևորը տնտեսվարող սուբյեկտներն էին, որոնք գործունեություն էին ծավալում Երևանյան փողոցի վրա։ Տնտեսվարողներից շատերը 6-7 ամիս ստիպված դադարեցրին իրենց գործունեությունը։
Երևանյան փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ, սկսվեցին քաղաքի Չարենց և Շահումյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Դեկտեմբեր ամսին, երբ ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին, տեսանելի դարձավ, որ Երևան փողոցի մակարդակը 20-25 սմ ցածր է ստացվել ինչպես իր նախկին մակարդակից, այնպես էլ փողոցը հատող մյուս փողոցների մակարդակից։ Վերանորոգելուց հետո, երթևեկելով Երևանյան փողոցով, ականատեսը լինելով ջրագծերի և կոյուղու դիտահորերի կափարիչների և ասֆալտի ծածկույթի մակարդակների տարբերությանը, հստակ կարելի է արձանագրել, որ վերանորոգումն իրականացնող կազմակերպության աշխատակիցները չեն տիրապետել մակարդակ չափող շինարարական սարքավորումների (նիվիլիր) հետ աշխատելու կարողություններին։
Արդյունքում՝ Երևանյան փողոցին միացող բոլոր փողոցների հետիոտնային անցումները թեք են ստացվել, իսկ թեք հետիոտնային անցումների հետևանքների մասին եզրակացություն կարելի է անել, երբ անցումները պատվեն մերկասառույցով։
Երևանյան փողոցի վերանորոգման աշխատանքների նկատմամբ Արմավիրի քաղաքապետարանն իրավասություն չի ունեցել,- այս մասին հայտնեց փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը։