Արմավիրի մարզում օրակարգային դժվար լուծելի խնդիրներից մեկը եղել և մնում են աղբահանությունը և աղբավայրերը։ Վերջին 2-3 տարիներին խնդիրն ավելի է խորացել։ Բանը նրանում է, որ 2016 թվ-ին սկսվեցին բանակցությունները Չեխիայի ներդրողների հետ՝ Արմավիր քաղաքում կենցաղային աղբի վերամշակման գործարան կառուցելու, միևնույն ժամանակ՝ աղբահանություն իրականացնելու ուղղությամբ։ 2017 թվ-ին հիմնադրվեց հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊ ընկերությունը, որը պետք է 33 մլն եվրո ներդրում կատարելով կառուցեր աղբի վերամշակման գործարան, ջերմոցային տնտեսություն և տեղադրեր շուրջ 22 հզր ստորգետնյա աղբաման։
Ծրագրի շահառու էին դառնալու Արմավիրի մարզի բոլոր գյուղական համայնքները և Արագածոտնի մարզի տասնյակ համայնքներ։ Գործարանի հզորությունը թույլ էր տալու վերամշակել տարեկան 200 հզր տոննա կենցաղային աղբ։ Հողհատկացման հարցերը լուծված էին, նախագծերը՝ պատվիրված։ Արմավիրի մարզպետարանի ՏԻՀԳՄ հարցերով վարչության պետ Նվեր Պետրոսյանի մեկնաբանությամբ, հեղափոխությունից հետո չեխերը մեկ անգամ այցելել և այլևս չեն վերադարձել։ Արմավիրի քաղաքապետարանն իր կողմից 3 տարով անհատույց հատկացրած հողատարածքը, պայմանագիրը լրանալու պատճառով, հետ է վերցրել։ Չեխական ծրագրով ոգևորված շահառու համայնքների ղեկավարները մոռացության մատնեցին համայնքային աղբավայրերի և աղբահանող տեխնիկական միջոցների ձեռք բերման խնդիրները։
Այսօր շատ համայնքների տարածքներում կարելի է հանդիպել ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբով ծանրաբեռնված աղբանոցների։ Որպես կանոն, այս աղբանոցները տեղակայված են ավտոճանապարհների, գետերի և ոռոգման ջրանցքների հարևանությամբ։ Քասախ գետի հարևանությամբ տեղակայված համայնքները, որպես կանոն, իրենց կենցաղային և շինարարական աղբը լցնում են գետի հունի մեջ։ Էջմիածնի տարածաշրջանի Այգեշատ գյուղի բնակիչներն այդպես էլ վարվում են՝ լավ իմանալով, որ գարնանը գետը կվարարի և գետի հունը կմաքրվի։ Այգեշատցիներին չի հետաքրքրում, թե գետը ուր կտանի իրենց կենցաղային և շինարարական աղբը։
Գյուղական համայնքներում, սովորաբար աղբահանություն՝ որպես այդպիսին, չի կատարվում։ Բացի դա, շատ գյուղական համայնքներ գյուղի համար նախատեսված հատուկ աղբավայր չունեն։ Հենց այստեղից էլ սկսվում է աղբ ամեն տեղ տեսարանը։ Կան որոշ համայնքներ, որտեղ ՏԻՄ-երն իրենց վրա են վերցրել համայնքի աղբահանության խնդիրը՝ առանց վարձավճար գանձելու քաղաքացիներից։ Այն է՝ շաբաթական մեկ օր աղբատար մեքենան շրջում է փողոց առ փողոց և հավաքում կենցաղային աղբը։ Շինարարական աղբը սրա մեջ չի մտնում։ Այս օրինակով են աշխատում Արմավիր, Հայկավան, Մրգաշատ և մի շարք այլ գյուղեր։ Համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ որոշակի գումար է հատկացվում, աշխատավարձ է տրվում բեռնատարի վարորդին և իրականացվում է աղբահանությունը։
Շատ գյուղերում աղբահանությունն իրականացնում է բնակիչը
Աղքատիկ բյուջեով բազմաթիվ գյուղական համայնքների ղեկավարներ իրենց պարտադիր լիազորության ցանկից հանել են համայնքի աղբահանությունն ու սանիտարական մաքրությունը: Նման գյուղերում բնակիչներն իրենց ուժերով են իրականացնում աղբահանությունը, ինչ կերպ՝ իրենք են նախընտրում, հիմնականում «աղբը թափել աչքից հեռու» սկզբունքով։ Արդյունքում՝ Արմավիրի մարզի համայնքները շրջապատված են կենցաղային աղբի կույտերով: Գյուղերի կեսից ավելին ընդհանրապես չունի տեխնիկական միջոց աղբահանության համար, հետևաբար՝ բնակիչների հետ չունի աղբահեռացման պայմանագիր, չունի նաև՝ աղբավայր: Գյուղապետարանները խնդիրը կապում են բյուջեի սղության հետ։ Անտեսվում է Արմավիրի մարզպետի բանավոր հանձնարարականը՝ գյուղերի վերջնամասերում կուտակված աղբը մաքրելու ուղղությամբ:
Գյուղերի ծայրամասերում ապրող բնակիչները մշտապես դժգոհում են գարշահոտությունից։ Բացի դա, մեկ այլ խնդիր էլ կա։ Օրինակ, Արմավիր-Ալաշկերտ միջհամայնքային ճանապարհը բաժանող այս հատվածը տասնյակ տարիներ աղբավայր է դարձել։ Հարևանությամբ գյուղնշանակության հողատարածքներն են։ Արմավիրցի Սամվելն իր հողատարածքում բանջարաբոստանային կուլտուրաներ է մշակում։ Ամեն տարի ստիպված է օրեր շարունակ հողատարածքը պոլիէթիլենային տոպրակներից մաքրել։ Սամվելի խոսքով, տարին մեկ անգամ գյուղապետարանն աղբից մաքրում է տարածքը, բայց հարցը չի լուծվում: Արևիկ համայնքի ճանապարհն է։ Ավանդույթը նույնն է՝ այնքան աղբով լցնել ճամփեզրերը, մինչև համայնքի ղեկավարի համբերության բաժակը կլցվի և, լրացուցիչ ծախսեր կատարելով, տարին մեկ-երկու անգամ կմաքրի ճանապարհը կենցաղային և շինարարական աղբից։ Նույն կերպ են մտածում նաև Ապագա համայնքի բնակիչները։
Նորապատ համայնքով է անցնում ոռոգման մայր ջրանցքը։ Ոռոգման սեզոնին ջուրը աղբը տանում է իր հետ և լցնում գյուղացիական տնտեսությունների այգիները։ Ոռոգման սեզոնից դուրս աղբի կուտակում է առաջանում ջրատարում, բայց դա երկար չի տևում։ Գարնանը նորից ոռոգումը կսկսվի և ջուրն իր հետ կտանի ինչպես կուտակված աղբը, այնպես էլ՝ սատկած կենդանիների դիերը։ Արմավիրի մարզպետարանի բնապահպանության բաժնից տեղեկանում ենք, որ մարզի 97 համայնքներից 32-ը չունի առանձնացված աղբավայր։ Եղած աղբավայրերից ոչ մեկը ցանկապատված չէ։ Մարզի 53 համայնքում աղբահանությունն իրականացվում է սեփական ուժերով, 44 համայնքում՝ պայմանագրային հիմունքներով։ 43 համայնքներում սահմանված է աղբահանության վարձավճար, որը գանձվում է բնակիչներից, իսկ 53 համայնքներում ծախսերը կատարվում են տեղական բյուջեից։
Աղբահանությունը քաղաքային համայնքում
Քաղաքային համայնքներում աղբահեռացման խնդիրն ավելի դյուրին է կատարվում։ Պայմանագրային հիմունքներով է կատարվում աղբահեռացման աշխատանքները։ Օրինակ, Արմավիր քաղաքում աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Բարեկարգում» տնօրինությունը։ Քաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում աղբամանները ժամանակին դատարկվում են ամենօրյա աղբահեռացման ռեժիմով։ Արմավիրում մեկ այլ խնդիր կա։ Քաղաքի արևելյան հատվածում շուրջ 30 հեկտար տարածք լցված է շինարարական, մասամբ նաև՝ կենցաղային աղբով։ Աղբավայրը տասնյակ տարիների կյանք ունի։ Խնդիրը լուծելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ։
Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի մեկնաբանությամբ, քաղաքի տարեկան բյուջեն չի բավականացնի տարածքն աղբից ազատելու համար։ Ըստ փոխքաղաքապետի, քաղաքային իշխանությունները ծրագիր են մշակել տարածքն այգեգործական նպատակով օտարելու համար։ Օտարման հիմքում պայման է դրվելու, որ տարածքի նոր սեփականատերերը սեփական միջոցներով հեռացնեն իրենց տարածքի աղբը։ Իր խոսքով, տարածքը կմաքրվի աղբից և կավելանան կանաչ տարածքները։ Ստեղծված իրավիճակում բնակիչները բողոքում են տեղական իշխանություններից, որ ամիսը մեկ անգամ են աղբահանություն կատարում, իսկ իշխանությունները մեղադրում են բնակիչներին, որ իրենց աղբը թափում են ուր պատահի։
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12 հոդվածով, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը ներառված է համայնքի պարտադիր խնդիրների ցանկում։ Իսկ 42 հոդվածով համայնքի ղեկավարը սեփական լիազորությունների շրջանակում կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ լիազորություններ։