Պարտադիր սպանդանոցային մորթ.

Մնաց մեկ շաբաթ

2020թ-ի հունվարին, երբ ֆերմերները և մսավաճառները սկսեցին բողոքի ակցիաները, պատճառներից մեկը սպանդանոցների ոչ բավարար քանակն էր: Թեև շատերի համար ընդունելի չէր նաև բակային մորթն արգելելու որոշումը: Բողոքի ակցիաներն ավարտվեցին այն բանից հետո, երբ հետաձգվեց պարտադիր սպանդանոցային մորթի մեկնարկի ժամկետը։ Սկսվեց սպանդանոցներ կառուցելու նպատակով արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը։ Սպանդանոցներ կառուցելու հարյուրավոր հայտեր ներկայացվեցին։ Զուգահեռաբար, մարդիկ սեփական միջոցներով ևս սկսեցին կառուցել տասնյակ սպանդանոցներ։ Արմավիրի մարզում գործող 5 սպանդանոցին կավելանա ևս 24-ը։ Հայաստանում վիճակագրություն չկա՝ սպանդի ենթակա անասունների գլխաքանակի վերաբերյալ։ Միայն հուլիսի 1-ից հետո հնարավոր կլինի հասկանալ սպանդանոցների և անասունների քանակի հարաբերակցությունը։

Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ ՀՀ կառավարությունը որոշեց կյանքի կոչել դեռ 2017թ. մարտի 9-ին կայացած նիստում հավանության արժանացած թիվ 10 արձանագրության դրույթները, ըստ որի, ՀՀ տարածքում իրացվող մսամթերքը պետք է ունենա 5-րդ ձև, ինչը նշանակում է, որ խոշոր կամ մանր եղջերավոր անասունը մորթվել է սպանդանոցում։
Որոշումը պետք է ուժի մեջ մտներ 2018թ. հուլիսի 1-ից: Բավարար քանակով սպանդանոցներ չունենալու պատճառով, իրագործման ժամկետը հետաձգվեց մինչև 2020թ. հունվարի 15-ը։

Ինչո՞ւ էին ընդդիմանում ֆերմերները
Արմավիրի մարզում, ըստ պատասխանատուների, գործում է 5 սպանդանոց։ Մարզպետարանի Գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի մեկնաբանությամբ, գործող սպանդանոցների քանակը բավարար չէ: Հեռավոր գյուղական բնակավայրերի համար սա խնդիր է: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցների ղեկավարների հետ՝ մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող առնվազն 3 անասունի տեղափոխումն իրականացնել սպանդանոցի հաշվին։ Ըստ գյուղացիների, դա էլ լուծում չէր։ Գործող սպանդանոցների ղեկավարները ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ հուշագիր են ստորագրել, որ խոշոր եղջերավոր անասունը կմորթեն 10000, խոզը՝ 5000 և մանր եղջերավոր անասունը՝ 2500 դրամով։
Մոտ երկու շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո, կառավարությունը խնդրին լուծում գտավ․ բացի Երևան քաղաքից, մնացած բնակավայրերում որոշման ժամկետը հետաձգել մինչև 2020թ. հուլիսի 1-ը, զուգահեռաբար սուբսիդիաներ նախատեսելով նոր սպանդանոցների կառուցման համար։

Սպանդանոցային մորթին ծանոթանալու նպատակով այցելեցինք Արմավիրի մարզում գործող «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող սպանդանոց։ Տնօրենը տեղում չէր, մեկնել էր անասունների նոր խմբաքանակ բերելու: Մինչ նրա վերադարձը, ականատես եղանք մորթի գործընթացին։
Սպանդանոցն իրականացնում էր միայն խոշոր եղջերավոր անասունների մորթ։

Ինչո՞ւ սպանդանոցային մորթ

Մարիամ Մխիթարյան՝ անասնաբույժ

Նախ՝ սպանդի ենթակա անասունի համար պետք է տեղի անասնաբույժի կողմից տրամադրված տեղեկանք լինի, որտեղ նշված լինի կենդանու առողջության հետ կապված պրոֆիլակտիկ միջոցառումների ցանկը։ Մինչև մորթը, իրականացվում է կենդանու ջերմաչափում: Սպանդից հետո, վերցվում են փորձանմուշներ, որոնք ենթարկվում են լաբորատոր զննության։
Միշա Խուդոյան՝ ֆերմեր

Մորթի ամբողջ ընթացքին անասնի տերերը ներկա են։ Նորապատցի Միշան առավոտ վաղ 7 գլուխ ցուլ է տեղափոխել սպանդանոց։ Սպասում է մորթն ավարտվի, միսը կշռեն, որ տուն գնա: Միսը չի տանի, իրացման հարցը սպանդանոցը կլուծի։ Միշան գոհ է գործընթացից։
Արսեն Հակոբյան՝ սպանդանոցի տնօրեն

Նկարահանումների ժամանակ անասուններով բեռնված բեռնատարով ժամանեց ընկերության տնօրենը։ Արսեն Հակոբյանը ևս 7 խոշոր եղջերավոր անասուն էր բերել մորթելու։ Այսօր անասունների երկրորդ խմբաքանակն էր տեղափոխում, օրական մինչև 80 գլուխ խոշոր եղջրավոր անասուն կարող է սպանդի ենթարկել։
Անասնապահներից ոմանք գոհ են, ոմանք շարունակում են դժգոհել: Օրինակ, տանձուտցի Տիգրան Հակոբյանը խոզապահությամբ է զբաղվում: Դիմել է սպանդանոցներին, մերժել են: Ասել են՝ խոզ չեն մորթում։
Արսեն Հակոբյանը մարզում գործող 5 սպանդանոցներից մեկի ղեկավարն է, որն իր գործունեությունը ծավալել է 2019թ․հունիսից՝ հաշվի առնելով օրենքի պարտադիր կիրառման փաստը։ Խոզի սպանդ չի կատարում: Պատճառը բացատրում է:
Մարզում կառուցվող 24 սպանդանոցներից 11-ը նույնպես հրաժարվել է խոզի մորթ իրականացնել, մնացածի դեպքում սահմանափակում չի լինի,- վստահեցնում է ՍԱՏՄ պետ Ալեքսան Մկրտչյանը։ Տեսչության աշխատակիցներն անձամբ են հետևում կառուցվող սպանդանոցներում սանիտարական նորմերի պահպանմանը։
Չնայած ՍԱՏՄ պետ Ալեքսան Մկրտչյանի լավատեսությանն ու հորդորներին, մսավաճառների մտահոգությունները չեն փարատվում։ Նրանք անհանգստանում են, որ կկորցնեն հաճախորդներին:

Հայաստանում վիճակագրական տվյալներ չկան մորթի ենթակա անասունների գլխաքանակի վերաբերյալ և հարց է առաջանում՝ սպանդանոցների մեծ քանակի դեպքում տնտեսվարողները կարո՞ղ են շահույթով աշխատել, թե՞ շահույթ ստանալու նպատակով ստիպված են լինելու վերանայել իրենց ծառայությունների գները։

2020թ. հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում վաճառվող մսամթերքը պետք է ունենա 5-րդ ձև, որը տրամադրելու է սպանդանոցը։ Կառավարության որոշումը որքանո՞վ կգոհացնի գյուղացիական տնտեսություններին, մսամթերք վաճառողներին և սպառողներին, հայտնի կդառնա հուլիսի 1-ից հետո։ Այդ ժամանակ պարզ կդառնա նաև սպանդանոցնե՞րն են քիչ, թե՞ սպանդի ենթակա անասունները։

Մայիսի 21-ի կառավարության նիստում ևս մեկ անգամ անդրադարձ եղավ սպանդանոցներին։ Պարզվեց, որ Հայաստանում գործում են 44 սպանդանոցներ, որոնցից միայն 19-ն են ծառայություն մատուցում, մնացած 25-ը մեծ ֆերմաներին պատկանող սեփական սպանդանոցներն են։ Նոր կառուցվող 82 սպանդանոցների աշխատանքները համավարակի պատճառով դանդաղել են։
Իսկ ինչո՞ւ ոչ սպանդանոցային մորթ
Մսավաճառները և ֆերմերները բողոքում են, որ սպանդանոցները իրենց են վերցնում մորթված անասունի գլուխը, թոքը, լյարդը, ոտքերը /խաշի համար/ և կաշին: Նրանց հաշվարկով, այդ ամենը 50-60 000 դրամ արժե և նրանք հենց այդքան տուժում են: Իսկ սպանդանոցների տերերը հերքում են այս պրակտիկայի գոյությունը և պնդում, որ ամեն ինչ վերադարձվում է անասունի տիրոջը:
Ալեքսան Մկրտչյան՝ ՍԱՏՄ Արմավիրի մարզային վարչության պետ
Արսեն Հակոբյան՝ սպանդանոցի տնօրեն
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website